ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Ո՞վ է Ալիևին նշանակել Եվրոպայի էներգետիկ «փրկիչ»

Ո՞վ է Ալիևին նշանակել Եվրոպայի էներգետիկ «փրկիչ»
19.07.2017 | 11:25

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցով եղել է Լատվիայում: Նախագահ Ռայմոնդ Վեյոնիսի հետ համատեղ մամլո ասուլիսում նա հետաքրքիր հայտարարություն է արել: Նրա խոսքով՝ «Եվրոպայի Խորհրդի ու Ադրբեջանի հարաբերություններում առաջին պլանում, իհարկե, էներգետիկ հարցերն են», իսկ «Ադրբեջանն իբրև հուսալի գործընկեր խաղում է ու խաղալու է իր դերը Եվրոպայի էներգաանվտագության ապահովման մեջ»: Սա առաջին: Երկրորդ՝ Ալիևն ասում է, որ «ադրբեջանական գազը միակ նոր աղբյուրն է, նոր երթուղի, որ մատակարարվում է Եվրոպային և դա մեր առավելությունն է»: Նա նաև նշել է, որ «Հարավային գազային միջանցք» առաջին ծրագիրը, որ իրականացվում է Ադրբեջանի նախաձեռնությամբ, կավարտվի եկող տարի, երկրորդ և վերջին փուլը՝ 2020-ին: Եվ դա «բարձրացնում է մեր ռազմավարական հարաբերությունները Եվրոպայի հետ ավելի բարձր աստիճանի»: Բաքուն հիմա աշխատում է Տրանսանատոլիական գազատարի (TANAP) և Տրանսադրիատիկ գազատարի (ТАР) վրա, որ ձևավորում են Հարավային գազային միջանցքը (ՀԳՄ):
Ռիգայում Ալիևը կրկնեց թեզիսները, որ բարձրաձայնել էր XXII Համաշխարհային նավթային կոնգրեսում Ստամբուլում: Դրանից հետո Բաքվի ԶԼՄ-ներում սկսեցին հրապարակումներ հայտնվել, որտեղ հաստատվում էր, որ «Ադրբեջանը նոր գազային բումի շեմին է»: Իրոք, Բաքուն նկատելի ակտիվացրել է իր էներգետկ դիվանագիտությունը հատկապես Ստամբուլում նախագահ Ալիևի հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: Ակնհայտ դարձավ, որ Վաշինգտոնը իր պատժամիջոցներով կարող է ազդել իրանական էներգետիկ նախագծերի վրա: Հասկանալու համար՝ ինչ է դա նշանակում Ադրբեջանի համար, բավական է հիշել՝ Թեհրանը Ռուսաստանից հետո երկրորդ տեղում է բնական գազի ապացուցված պաշարներով: ՀԳՄ-ն փորձում են բարձրացնել ռուսական «Թուրքական հոսքի» մակարդակին, որի շինարարությունը սկսվել է մայիսին: Ալիևը դա անվանում է «հին նախագիծ», իսկ իր երկիրը համարում է Եվրոպա գազամատակարարումների «միակ նոր աղբյուր»: ՀԳՄ-ն և «Թուրքական հոսքը» գործնական իրականացման փուլում են, բայց շահագործման տարբեր ժամկետներով: Ծրագրով «Թուրքական հոսքը» ՀԳՄ-ից առաջ է անցնում: Նրան տարբեր գնահատականներ են տալիս: Ռուսական նախագիծը Մոսկվան համարում է բիզնես: Ադրբեջանականը, եթե հավատանք Ալիևին, նպատակաուղղված է «Եվրոպայի և շատ այլ երկրների էներգետիկ անվտանգության ապահովմանը»:


Սակայն Բաքվի էներգետիկ դիվանագիտության առանձնահատկությունն է, որ նա հրապարակավ խաղարկում է իր էներգառեսուրսների պաշարների տվյալները: Տվյալներ, որ հայտնի են մասնագետների որոշակի նեղ շրջանակի և «բացառիկ դեպքերում» բացվում են: REGNUM-ը վերջերս մեջբերել է «Գազպրոմի» փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևի խոսքերը, որ «Շահ Դենիզ 2-ում», որ Ալիևի խոսքով, «կազմում է ՀԳՄ-ի հիմնական ռեսուրսային հիմքը», լուրջ պրոբլեմներ կան, որոնց հետևանքով Տրանսադրիատիկ գազատարը կարող է թերբեռնվել: «Ընթացիկ իրավիճակում Ադրբեջանն ունի գազի աճող պահանջարկ՝ հիմնական հանքավայրերից նավթի արդյունահանումն ապահովելու համար,-ընդգծում է Ալեքսանդր Մեդվեդևը:- Իրավիճակը, որ խողովակաշարը կարող է մնալ թերբեռնած, անբնական է»: Այս հայտարարությունը Բաքուն պաշտոնական մակարդակով չի հերքել: Մասնագետները համարում են, որ Ադրբեջանում վերջին տարիներին նավթի արդյունահանումը պակասեցնելու պատճառով՝ գազը պլաստ քաշելու ծավալները միայն մեծանալու են: 2016-ին ադրբեջանական պետական SOCAR կոնցեռնը պայմանավորվել է 2 միլիարդ խորանարդ մետր գազ «Գազպրոմից» գնելու մասին: Այսինքն՝ Բաքվին հիմա արդեն չի հերիքում սեփական գազը ներքին սպառման կամ արդեն գործող պայմանագրերը Վրաստանի ու Թուրքիայի հետ սպասարկելու համար: Գազը վերցնել Ռուսաստանից կամ սեփական հանքավայրերից դեռ հնարավոր չէ: Իրանը չի արձագանքում նախագծին մասնակցության առաջարկներին, իսկ Շահ Դենիզի երկրորդ հերթի հանույթի ծավալները արտահանման համար են:


Տրանսանատոլիակամ գազատարը կարող է ամբողջությամբ լցվել միան Թուրքմենստանի կամ Իրանի մասնակցությամբ: Առայժմ ենթադրվում է, որ TANAP լցվելու է միայն ադրբեջանական գազ: Այդ իրավիճակից դուրս գալու համար Բաքուն առաջարկում էր Իրանին մասնակցել ՀԳՄ-ին, որ այդ երկրում բարդ ռազմաքաղաքական իրավիճակի պատճառով իրագործելի չի թվում: Կա ուրիշ գազային գործընկեր՝ Թուրքմենստանը: Օրերս Բաքվում պետք է հանդիպեն Թուրքիայի, Թուրքմենստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները: Աշգաբադին որերորդ անգամ համոզելու են միանալ TANAP-ին: Ենթադրվում է, որ Թուրքմենստանը (ինչպես նախկինում) աշխարհաքաղաքական տարբեր պատճառներով չի շտապի վերջնական պատասխան տալ: Տեղեկություն է եղել, որ TANAP-ը հետագայում կարող է կցվել ապագա գազատարին, որ ձգվելու է Իսրայելի «Լևիաֆան» հանքավայրից՝ Միջերկրական ծովի շելֆից մինչև Թուրքիայի ափեր: Բոլոր այս տեսական դատողությունները ապացուցում են, որ Բաքուն բլեֆում է, իսկ նրա գազային ռեսուրսները բավարար չեն ՀԳՄ-ի շահագործման համար: Ադրբեջանը որոնում է այլընտրանքային մատակարարումների հնարավորություններ, մինչդեռ ռուսական «Թուրքական հոսքը» ռեսուրսների պրոբլեմ չունի: ՀԳՄ-ն իդեալական պայմաններում նախատեսում է 10 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազի փոխադրում Վրաստանի ու Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա, մինչդեռ «Թուրքական հոսքը» փոխադրելու է 70 միլիարդ խորանարդ մետր: Ո՞վ է ուրեմն Եվրոպան «փրկում»: Բրիտանական Financial Times-ը հղում անելով ֆրանսիացի վերլուծաբան Թիերի Բրոսին, հաստատում է, որ «Շահ Դենիզ նախագծին հանձնարարված ուղղությունը նշանակում է, որ նրա էներգետիկ ներուժը գործնականում կորած է Արևելյան Եվրոպայի համար»:


Իհարկե, կարելի է գույները չխտացնել և Բաքվի գազային նախագծերը դիտարկել սովորական բիզնեսի տեսակետից: Այլ իրավիճակում ամեն ինչ այդ կերպ էլ կընկալվեր: Բայց բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի գործոնից ոչ մի տեղ չես փախչի: Շատ դժվար է կանխատեսել, թե ինչ նոր շրջադարձեր կլինեն վաղը: Այսօր Բաքուն ինքն իրեն գցում է էյֆորիայի մեջ, հույս ունենալով, որ տարածաշրջանում իրադարձությունների հետագա ընթացքը իրեն թույլ կտա «ապահովել Արևմուտք կասպիական կամ մերձավորարևելյան գազի հասանելիությունը՝ շրջանցելով Ռուսաստանի տարածքը»: Այդ էներգետիկ դիվանագիտության օգնութամբ Ալիևը փորձում է վերականգնել հոր՝ հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևի նախագիծը, ում հաջողվեց 1994-ին կառուցել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազատարը:
Բայց քաղաքական տեխնոլոգիաները, իբրև էներգետիկ դիվանագիտության հաջողությանը նպաստող գործոն, հնացել են նույնիսկ տեղեկատվական-կոմունիկատիվ աշխատանքի տեսակետից: Բաքվին դրանք չեն օգնի: Բոլորը հասկանում են, որ իրագործվում է «Բլեֆ» գործողություն, և շարունակում են խաղասեղանի մոտ մնալ: Էներգետիկ շուկաներում մրցակցության ուժեղացման, նույնիսկ առճակատման պայմաններում արդիական են Հենրի Քիսինջերի խոսքերը. «Դուք երբեք չեք կարող վարել էներգետիկ քաղաքականություն իբրև զուտ տնտեսական ձեռնարկում: Ամենասկզբից դա արտաքին քաղաքականության առարկա է»: Երբ ԱՄՆ-ում իշխանության եկավ նոր նախագահ Դոնալդ Թրամփը, նա աջակցություն հայտնեց ՀԳՄ-ին, նշելով, որ «բարձր է գնահատում Ադրբեջանի հետ գործընկերային հարաբերությունները և սպասում է դրանց հետագա զարգացմանը»: Թրամփի հայտարարությունը ժամանակի մեջ համընկավ, երբ ԵՄ-ում ինչ-որ մեկը փորձում էր արգելափակել ռուսական «Հյուսիսային հոսք -2» և «Թուրքական հոսք» նախաձեռնությունները: Կարծես՝ ոմանք շահագրգռված են, որ Բաքուն ստանա պետության իմիջ, որը հակադրվում է տարածաշրջանում Մոսկվայի ազդեցության մեծացմանը: Այդ նպատակով Ադրբեջանին հետագայում էլ կարելի է օգտագործել Անդրկովկասում: Սակայն Վաշինգտոնի համար Բաքվի էներգետիկ նախագծերը առանձնահատուկ նշանակություն չունեն: Խողովակը, ինչպես հայտնի է, տարբեր կիրառություններ ունի:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Բաքուն բլեֆ է անում, բայց բլեֆից բացի այլ տարբերակ չունի, նավթն ու գազը միակ խաղաքարտն են, որը կորցնելուց հետո Ադրբեջանը վերջանում է: ՈՒստի թե ԵՄ-ի, թե ԱՄՆ-ի հետ Ադրբեջանը փորձելու է խոսել էներգետիկ լեզվով: ԱՄՆ-ին դա կարող է հետաքրքրել զուտ արտաքին քաղաքական, ԵՄ-ին պրակտիկ նշանակությամբ: Բլեֆի առանձնահատկությունն է, որ գործում է միայն որոշակի ժամանակի մեջ, երբ գալիս է գործելու պահը` բլեֆը փլվում է: Եվ արդեն աշխարհաքաղաքական շատ խաղերի հիմնական նպատակը ոչ թե արդյունք ստանալն է, այլ՝ ժամանակ շահելը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8888

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ